Հայաստանի պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ աշխարհիկ իշխանությունները՝ թագավորներ, իշխաններ կամ կառավարիչներ, փորձել են թուլացնել կամ ենթարկեցնել Հայ Առաքելական Եկեղեցին: Այս փորձերը սովորաբար տեղի են ունեցել ազգային ճգնաժամերի այնպիսի պահերին, երբ օրվա կառավարիչները, կորցնելով իրենց լեգիտիմության հիմքերը, ականատես են եղել ՀԱԵ-ի նկատմամբ ժողովրդի վստահության և հավատի աճին: Հետևաբար, ՀԱԵ-ի պատմության ընթացքում հայտնի ճնշումները պայմանավորված են եղել ոչ թե զուտ կառավարման նկատառումներով, այլ ժողովրդի հոգևոր անկախությունից բխող վախով:
Այսօրվա ճնշումները քաղաքական վախերի հետևանք են։ Նիկոլ Փաշինյանը պարզապես հակաեկեղեցական հռետորաբանությամբ քաղաքական գործիչ չէ։ Նա լեգիտիմության բռնազավթող է՝ ուզուրպատոր, ով, կորցնելով հանրության ու ժողովրդի հարգանքն ու վստահությունը, թշնամիներ է փնտրում ազգի ներսում՝ ժողովրդական վրդովմունքը վերաուղղորդելու հստակ մտադրությամբ։
Փաշինյանը չի կարողանում առաջնորդել հասարակությանը համերաշխության մթնոլորտում, ուստի առաջնորդում է անկարգություններ սերմանելով: Նա չունի ստեղծարար կարողություններ՝ երկրի ինստիտուտներն ամրապնդելու կամ ազգը միավորելու համար, ուստի զբաղվում է դրանց քայքայմամբ։ Նա ազգային առաջնորդի կերպարով հանդես գալու ներուժ չունի և այս բացակայությունը լրացնելու համար թիրախավորում է ազգային խորհրդանիշերը՝ այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցին:
Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես հոգևոր հաստատություն չէ։ Այն ազգային ինքնության վերջին ամրոցն է՝ այն ժայռը, որին կարող է հենվել ժողովրդի՝ կողմնորոշումը կորցրած կամ լուսավոր ճամփա գտնելու դժվարության մեջ գտնվող հատվածը։ Հարվածներ հասցնելով ՀԱԵ-ին՝ Փաշինյանը փորձում է վտանգավոր խաղ խաղալով վաբանկ գնալ՝ ոչ միայն ներսում կառավարման համակարգի ձախողումներն արդարացնելու, այլև հանրության մոտ սրբության, պատմական ժառանգության և շարունակականության գաղափարները ջնջելու նպատակով։
ՀԱԵ-ի դեմ այս հարձակումների հիմնական տրամաբանությունը քաղաքացիական հակասություններ և ընդհարումներ հրահրելն է։ Գարեգին Բ Կաթողիկոսի դեմ սանձազերծված վարկաբեկման արշավները ոչ թե պատահականություն են, այլ դիտավորյալ և համակարգված քայլեր՝ ուղղված ազգային միասնականության մնացորդները քայքայելուն, հանրության բևեռացումը խորացնելուն և քաոսային իրավիճակ ստեղծելուն։ Դա մի քաղաքական սցենար է, որի վերջնանպատակը ի վերջո հայտարարելն է. «Ես եմ այն միակը, ով կարող է լուծել այս քաոսը»։
Քաղաքացիական երկպառակության մթնոլորտ ստեղծելը, ըստ էության, այն մարդու վերջին քաղաքական խաղադրույքն է, ով չունի ո՛չ հեղինակություն, ո՛չ աջակցություն, ո՛չ էլ ապագայի հստակ տեսլական։
Դավիթ Անանյան